ԵԹԵ ՄԻԱՅՆ...

19.10

2016

 

  k    kg

  kl     

Օգոստոսի 11-ից 19-ը ՀՏՄՀ նախաձեռնությամբ ԱրՊՀ պատվիրակներս մասնակցեցինք Հայաստանում անցկացված միջազգային ամառային դպրոցին: Ամառային միջազգային դպրոցին մասնակցում էին նաև Հայկական պետական մանկավարժական, Ֆինլանդիայի, Լիտվայի, Հունգարիայի, Բելոռուսիայի, Ռուսաստանի համալսարանների ավելի քան 40 ուսանողներ, ովքեր ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում ամառային հանգիստն անցկացրեցին հետաքրքիր, հագեցած և ճանաչողական ծրագրի շրջանակներում:

Առաջին հերթին կցանկանայի ընդգծել ծրագրի կազմակերպվածությունը. մեր ամեն րոպեն նախապես պլանավորված էր և, որ ամենահետաքրքիրն է, այդ ծրագրից շեղումներ չեղան՝ օդանավակայանից մասնակիցների դիմավորումից մինչև ճանապարհում:

Ամառային դպրոցն աչքի էր ընկնում ոչ ֆորմալ կրթության ուղղվածությամբ: Ոչ ֆորմալ դասընթացները վարում էր ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը: Դասախոսությունները յուրահատուկ էին նրանով, որ բանախոսը միապաղաղությունից խուսափելու համար ընտրել էր «Eeducation through culture» խորագիրը և ներկայացնում էր մասնակիցների երկրների կրթակարգը՝ նրանց մշակույթի համատեքստում:

Եղան նաև այցելություններ ՀՀ պատմամշակութային և տեսարժան վայրեր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տաթևի վանական համալիր, Ամբերդ, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի համալիր, Մատենադարան եւ Գաֆեսճյան թանգարան, Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Սևանա լիճ և Արագած լեռ:

Պատմաճանաչողական այցերից հետո, երբ վերադառնում էինք ամառանոց, երեկոները խնջույքներ էինք կազմակերպում՝ ներկայացնելով յուրաքանչյուրս մեր երկրի մշակույթն ու ավանդույթները, միմյանց սովորեցնում ազգային երգ ու պար, հյուրասիրում ազգային կերակրատեսակներով: Այս առումով հետաքրքրական էին մեր և նրանց տարբերությունները: Նրանց հյուրասիրությունները սահմանափակվում էին ազգային քաղցրավենիքներով և էկզոտիկ խմիչքներով: Իսկ մենք գրեթե կես օր պատրաստվել ենք նրանց հյուրընկալելու համար: Դժբախտաբար մենք նախօրոք չգիտեինք այդ մասին և հնարավորություն չունեցանք պատրաստվելու հավուր պատշաճի, այնուամենայնիվ կարողացանք ապահովել մսամթերքի, կաթնամթերքի, քաղցրավենիքի, հյութերի, մրգերի, չիր ու չամիչի բազմազան տեսականիով:

Ամառային դպրոցի ընթացքում նաև հուզիչ պահեր եղան. Երևանում կատարված շրջայցի ժամանակ հունգարացի ուսանողներից մեկը Վերնիսաժից գնել և իր սենյակի պատուհանից էր կախել մեր եռագույնը: Երբ առավոտյան ԼՂՀ դրոշը փակցված տեսանք օտարերկրացու պատուհանին, ուրախություն, հիացմունք, հպարտություն, հուզմունք ... և չգիտեմ` էլի ինչեր էինք զգում: Եվ մենք հասկացանք, որ բոլորս մեզ հետ մի կտոր Հայաստան, Արցախ, Ֆինլանդիա, Լիտվա, Հունգարիա, Բելոռուսիա և Ռուսաստան ենք տանելու՝ իբրև հուշ այդ անկրկնելի հանդիպումներից ու մտերմությունից, որ շարունակվում է առ այսօր:

Մենք տուն վերադարձանք աննկարագրելի հույզերով ու հուշերով, անասելի ու անպատմելի տպավորություններով, բայց ևտխու՜ր-տխու՜ր: Տխուր ինձ ու իմ հասակակիցների համար և այն բանի, որ այսպիսի հնարավորություն մենք հազվադեպ ենք ունենում: Եթե միայն այդպիսի հնարավորություն բոլորիս տրվեր...

Անի Հարությունյան

Անգլ.լ./գրակ 3

Обновлено 19.10.2016 08:49