ԱրՊՀ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

04.11

2016

IMG 0120  IMG 0098

Նոյեմբերի 4-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ուսանողական գիտաճանաչողական հերթական ընթերցումները նվիրված էին խնայողությունների միջազգային օրվան:

1924 թվականի հոկտեմբերի 24-ին 29 երկրների խնայբանկերի ներկայացուցիչները հավաքվեցին Միլանում` Խնայողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսին: Կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ին, որոշվեց «ի հիշատակ բոլոր երկրների խնայբանկերի առաջին հավաքի» ամեն տարի նշել որպես Խնայողությունների միջազգային օր: Իտալացի պրոֆեսոր Ռավիզան այդ օրը հռչակեց Խնայողության միջազգային օր: Սակայն, ըստ գաղափարախոսների, այդ օրը պետք է նվիրել ոչ միայն գումարների խնայողությանը, այլ նաև տնտեսմանը ավելի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի խնայողությանը: 1989 թվականին Խնայողությունների միջազգային օրը պաշտոնապես ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից:

Բացելով միջոցառումը՝ ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Մելքումյանը կարևորել է խնայողության դերը, մասնավորապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում և կոչ արել խնայել ոչ միայն դրամական միջոցները, այլև՝ ժամանակը, առողջությունը, էներգիան, բնական ռեսուրսները:

«Միջոցների խնայողությունը կենսապայմանների մակարդակի նվազեցում չի նշանակում: Այն սեփական բյուջեն գիտակցաբար օպտիմալացումն է»,- հավելել է Ն. Մելքումյանը:

Այնուհետև ուսանողները ներկայացրել են խնայողության միջազգային օրվա նախապատմությունը, տարբեր երկրների տնտեսման առանձնահատկությունները, ռեսուրսների խնայողության գլոբալ հիմնախնդիրները, գործարար անձի ժամանակի տնտեսման խնդիրներն ու մեթոդները, ֆինանսական ռեսուրսի տնտեսման եղանակները առօրյա կյանքում, ռեսուրսների խնայողության տնտեսական նշանակությունը և այլն:

Հավելենք, որ նախորդ երկու օրերին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները Ստեփանակերտ քաղաքի հ. 8, 11 և ֆիզմաթ դպրոցներում խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել են ճանաչողական դասեր:

IMG 0118  IMG 0101