Արցախի պետական համալսարան

 

14972013 246749085739821 1647850052 n    15032512 246749142406482 1890187211 n

 

Նոյեմբերի 9-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ այցելեցինք Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն: Այցի նպատակն այս անգամ ուղղակի սաների հետ ծանոթանալն էր:

 

Նախաձեռնությունը ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կենսաբանության և աշխարհագրության առաջին կուրսեցիներինն էր, սակայն խումբը համալրվեց այլ կուրսերից ևս: Հաճելիորեն պետք է ընդգծեմ, որ ցանկացողների թիվը բավականին մեծ էր, բայց սահմանափակվեցինք 30-ով: Առավել մեծ ակտիվություն ցուցաբերեցին նաև աշխարհագրության 2-րդ և 3-րդ կուրսերը, ովքեր մեծ խնամքով մեզ հետ իրենց փոքրիկ նվերներն ուղարկեցին: Ներկա էին մի քանի ուսանողներ նաև ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի բաժիններից:

Երեխաները մեզ ընդունեցին ջերմ ժպիտներով՝ աչքերի խորքում վարպետորեն քողարկելով թախիծը: Դասերն էին պատրաստում մինչև մեզ հյուրընկալելը, ուսուցիչ-դաստիարակներն այդ հարցում խստապահանջ են՝ ծնողների նման: Մեր նոր ընկերները մեզ համար երգեցին հայոց զինվորի ու հաղթական բանակի մասին: Դժվար էր թաքցնել հուզմունքը, երբ նրանք իրենց օրհներգի հետևյալ տողերն էին երգում. «Հարազատ մեր օջախ, ջերմությունը միշտ քո տաքացնում է մեր փոքրիկ սրտերը, սառույցներն են հալվում մեր տխուր աչքերում, և բուժվում են այստեղ մեր վերքերը…»:

Ուշադրությունս գրավեցին Վալերիի խելացի աչքերը, հարցրեցի՝ որ առարկան է սիրում… ես չէի սխալվել, նա լավ է սովորում, սիրում է կենսաբանություն և ուզում է բժիշկ դառնալ: Շատ եմ ուզում հավատալ, որ կյանքը նրանց նկատմամբ այսուհետ առավել շռայլ կգտնվի, և Վալերիի ու նրա ընկերների երազանքները կիրականանան:

Մենք հրաժեշտ տվեցինք երեխաներին՝ նորից հանդիպելու ակնկալիքով ու ափսոսալով միայն մի բանի համար, որ չտեսանք գիշերօթիկի ամենափոքր սաներին՝ Արենին ու Աշոտին, ում հետ հանդիպմանը թերևս ամենաշատն էինք սպասում, նրանց քնի ժամն էր: Ուսանողները հրաժեշտի պահին որոշում էին հաջորդ այցելության օրը. «Եթե ոչ ավելի շուտ, ապա Ամանորի նախօրյակին անպայման կայցելենք մանկատուն»:

 

Ռուբինա Թովմասյան

Խմբի ղեկավար, աշխարհագրության ամբիոնի դասախոս

 

WP 20161109 016    WP 20161109 025

WP 20161109 022