ԱՐՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ

17.11

2016

    stud 5    stud 10

Նոյեմբերի 17-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում կազմակերպված միջոցառումը նվիրված էր ուսանողության միջազգային տոնին:

ԼՂՀ ԱԺ նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ  կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ռեկտոր Մանուշ Մինասյանը համալսարանականների ուղեկցությամբ նախ հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով հուշակոթողին:

Օրվա առթիվ ԱՀ ԱԺ նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանն ու ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել ուսանողությանը:

«Ասում են՝ գիտելիքը զենք է: Ուրեմն, եկեք արդյունավետ օգտագործենք ուսումնառության տարիները և զինվենք՝ թիկունքում մեզ վերապահված հաղթանակները պատվով նվաճելու պատրաստակամությամբ: Ճիշտ այնպես, ինչպես երկրի ապագայով մտահոգ Արցախի պետական համալսարանի 75 քաջարիներ, ովքեր նահատակվեցին հանուն այսօրվա, հանուն ազատ և անկախ Արցախի»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ա. Ղուլյանը:

Հորդորելով առավելագույնս օգտվել ուսումնառության ընթացքում ընձեռված հնարավորություններից՝ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանն այն համոզմունքն է հայտնել, որ այսօրվա երիտասարդը պատրաստ է դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին. «Այնտեղ, որտեղ գիտելիքով չես հաղթի, մեր երիտասարդը պատրսատ է հաղթել զենքով և հակառակը: Որակական այս հատկանիշները լավագույնս են բնորոշում արցախցի երիտասարդին, ով խաղաղ օրերին զբաղվում է ստեղծագործ աշխատանքով, պատերազմական օրերին սահմանին է՝ զենքը ուսած»:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն իր խոսքում հերթական անգամ հավաստիացրել է, որ մայր բուհը հետևողական է իր գործունեությունը ուսանողամետ և ուսանողակենտրոն ուսուցման դրույթներից բխեցնելու հարցում և պատրաստակամ` նորարար մոտեցումներում. «Մենք մեր բոլոր ջանքերով փորձում ենք առավել նպատակային դարձնել ձեր ուսանողական կյանքը, որի վկայությունն են նորարարական մոտեցումները ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ ուսանողական առօրյայում: Համալսարանում փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ  յուրաքանչյուր ուսանող կարող է ազատ արտահայտել իր մտքերը, մասնակցել ամենակարևոր խնդիրների քննարկմանն ու լուծմանը»:

Բուհի ռեկտորի հրամանով օրվա առթիվ պատվոգրերով, դրամական խրախուսանքներով և նվերներով պարգևատրվել են ներհամալսարանական  ու արտահամալսարանական կյանքում ակտիվություն ցուցաբերած, ֆակուլտետների գործունեության մեջ ակտիվ գործունեություն դրսևորած, սպորտի ասպարեզում աչքի ընկած, ուսանողների միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված, ինչպես նաև սոցիալական խնդիրներ ունեցող մի խումբ ուսանողներ:

Միջոցառման երկրորդ մասում ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի, ինչպես նաև ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված համերգային ծրագրում տեղ էին գտել պարային, երաժշտական, հումորային համարներ, ինչպես նաև Ստեփանակերտի համար 8 և 11 ավագ դպրոցի աշակերտների կողմից պատրաստված պարային բեմադրություններ:


stud 7      stud 4