ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՓՈՂՓՈՂԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

18.11

2016

 

         

Vahagn Chalyan

 

      Երբ թշնամին հոխորտում էր սահմանին, երբ արցախցին նորից զենքը ձեռքն էր առել՝ հող հայրենին պաշտպանելու, ապրիլի 7-11-ը ֆրանսիայի Թուլուզա քաղաքում ընթացող առաջնությունում միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող Վահագն Չալյանը (ծնված 1998թ. մայիսի 2-ին Ստեփանակերտում, 81 կգ ք/կ), գերազանց հաղթելով բոլոր գոտեմարտերում և տապալելով ադրբեջանցի մարզիկին` դառնում է սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր: «Պետք է ճզմել ադրբեջանցուն, ուրիշ տարբերակ չի կարող լինել»: Հենց այս համոզմունքն էլ գերնպատակ դարձրած` Վահագնը մտավ ռինգ: Դե իսկ ռինգում ադրբեջանցուն ջախջախելը դարձել է ազգային ավանդույթ:

 

         Մեր եռագույնը նորից փողփողաց միջազգային հարթակում:

 

Ապրիլյան օրերն էին. Արցախում իրավիճակը շարունակում էր մնալ լարված: Վահագնի հաղթանակի մասին խոսելու ժամանակ չկար, ու այդպես էլ ստվերում մնաց Վահագնի հաղթանակը: Ռազմադաշտում հայ զինվորն էր հաղթանակներ արձանագրում, իսկ միջազգային մրցասպարեզում` հայ մարզիկը, որի մասին բարձրաձայնելը պատվաբեր է ու պահանջված:   

 

Ֆրանսիայով չեն սահմանափակվում Վահագնի հաջողությունները: 2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի պատվին ավանդական հուշամրցաշարը, որտեղ նա գրավեց 2-րդ մրցանակային տեղը: 2015թ. հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացված ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարում նա գրավեց 1-ին տեղը: 2016թ. նրա կերտած կարևոր հաղթանակներից էր սամբո ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալը, հունիսի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Իվան Յառիգինի անվան մարզապալատում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների սամբոյի միջազգային պատանեկան փառատոնին մասնակցելն ու 2-րդ մրցանակային տեղ գրավելը:

 

Մեր արծիվը սովորել է Հովհաննես Թումանյանի անվան №9 հիմնական և Անդրեյ Սախարովի անվան №8 ավագ դպրոցներում: Ընդունվել է Արցախի պետական համլսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Այժմ էլ արցախյան փառապանծ բանակի զինվոր է:

 

Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք ու պատիվ նաև ապրիլյան օրերի չճանաչված արծիվ Վահագն Չալյանին: Աստծո օրհնությունը մեր զինվորների ընտանիքներին

 

                                                                                Աստղիկ Սողոմոնյան

 

                                                               Հ. լեզու և գրականություն 4-րդ կուրս

 

 

Обновлено 18.11.2016 06:26