Արցախի պետական համալսարան

 

IMG 1054      IMG 1028   

ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  հեռուստալրագրության ամբիոնի հեռուստառեժիսուրայի և մոնտաժի դասախոս, կինոռեժիսոր Արսեն Առաքելյանն Արցախի պետական  համալսարանի  հրավերով եռօրյա այցով գտնվում էր  մայր բուհում: 

Կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը հեղինակ է մի շարք ֆիլմերի՝ ‹‹Մայրիկ››, ‹‹Մեր միջի արևը››, ‹‹Դաշտադեմի ամրոցը››, ‹‹Բարեկամավան››, ‹‹Խաղ››:

1998 և 1999 թվականներին  Մոսկվայում և Վերոնայում կայացած միջազգային ֆիլմի  փառատոններում  վերջինս ‹‹Մայրիկ›› ֆիլմի համար արժանացել է ‹‹Լավագույն ֆիլմ›› և ‹‹Լավագույն պրոդյուսեր›› մրցանակին:

Եռօրյա  այցի ընթացքում նախատեսված էին  սեմինար-դասընթացներ լրագրության չորս կուրսերի համար: Դասընթացի  առաջին  օրը  կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը  ուսանողներին ծանոթացրեց լրագրության հիմունքներին, լրագրության և ռեժիսուրայի ընդհանրություններին, ինչպես նաև  տվեց  գործնական հանձնարարություններ: Երկրորդ օրը դասընթացավարը ստուգեց  նախորդ հանձնարարությունները և  տվեց նոր առաջադրանքներ, որոնց մեջ էր մտնում նաև  մասնագիտական  մի շարք ֆիլմերի  դիտումը: Դասընթացներն  անցնում էին  օրական չորսժամյա պլանով:

          Կինոռեժիսորի  խոսքով լրագրության և ռեժիսուրայի սահմանը որևէ  տեղ չի ավարտվում: Եվ եթե  այն լավ լրագրություն է, ապա  դառնում  է հանդիսատեսի սեփականությունը: Արսեն Առաքելյանի համոզմամբ ֆիլմի հերոս կարող է լինել յուրաքանչյուրը: Նա  վստահորեն  ընդգծեց, որ լրագրությունը, ռեժիսուրան և մոնտաժը սերտորեն կապված են իրար: Կինոռեժիսորը դասախոսությունների  ընթացքում փորձում էր անմիջական մթնոլորտ ստեղծել ուսանողների  հետ: Դասընթացի վերջին օրը ուսանողները ԱրՊՀ  գրականության և լրագրության ամբիոնի  վարիչ Նարինե  Հովհաննիսյանի գլխավորությամբ  ուղևորվեցին Գանձասար: Ամբողջ ճանապարհին  և  Գանձասարի  վանական համալիրում նրանք կատարեցին մի շարք  տեսանկարահանումներ` ռեպորտաժներ պատրաստելու համար : Այդ  ընթացքում Արսեն Առաքելյանն ուղղորդում էր ուսանողներին, փորձում ցույց  տալ, թե ինչ է  անհրաժեշտ լրագրողին  կադրում երևալու համար: Լրագրության բաժնի  առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Սարգսյանի խոսքով եռօրյա դասընթացները շատ ավելին են սովորեցրել. ‹‹Միայն այն, որ մենք՝ ուսանողներս, շատ ենք մտերմացել և կարողացել ենք  միմյանց հետ մասնագիտական քննարկումներ ծավալել, դա առավել կարևոր էր: Պարոն Առաքելյանը անմիջական էր: Նա փորձում էր մեզ սովորեցնել այն, ինչ տեսել և ձեռք է բերել իր կյանքում` մասնագիտական փորձի շնորհիվ››: Ուսանողուհու կարծիքով անգամ չորս ժամ անընդհատ պարապելուց չէին հոգնում, այլ ընդհակառակը` ավելի էին լիցքավորվում: Նա նաև ցանկություն հայտնեց ավելի հաճախակի հրավիրել  փորձառու մասնագետներ: Իսկ նույն բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի  Էվելինա Համբարձումյանի  խոսքով  այս երեք  օրվա ստացած գիտելիքները կիրառելու են հետագա աշխատանքային գործունեության մեջ. ‹‹Տպավորություններս, հաստատ, ամբողջությամբ չեմ կարող կիսել, որովհետև դրանք աննկարագրելի են: Կասեմ միայն, որ պարոն Առաքելյանը հիանալի մարդ է, փայլուն մասնագետ և մինչև վերջին վայրկյանը նա ջանում էր մեզ սովորեցնել այն ամենը, ինչ կապված է մեր մասնագիտության հետ››: Ուսանողները  բավականաչափ ոգևորված էին այցից: Նրանք շնորհակալական ջերմ խոսքեր հղեցին` կրկին հանդիպելու ակնկալիքով:

        Նշենք նաև, որ ԱրՊՀ ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ նախաձեռնություններով` ուսումնական գործընթացն էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու նպատակով:

                                                                                                    Անի Ավանեսյան

                                                                                          Լրագրություն 3-րդ կուրս

 

IMG 1039    IMG 1041

15078650 329049117478237 1766661797409996957 n