ՓՈՔՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ

23.11

2016

 

2

Ցավոք Արցախում, ինչպես նաև այլ երկրներում, հաշմանդամ մարդկանց համար բարենպաստ պայմանները շատ չեն, սակայն նրանք էլ են կարողանում տեսնել կյանքի լույսը: Մտածենք` ինչքան ուժ է պետք բարդույթները հաղթահարելու համար, որպեսզի նրանք կարողանան ապրել գեղեցիկ ու պայծառ: Կան մարդիկ էլ, ում կյանքն իրականում թեպետ շատ սարսափելի է, բայց նրանք հրաշալի հոգի ունեն ու կարողանում են գեղեցիկ ապրելԻնչպես  տարբեր երկրներում`՝ Ռուսաստանում, Հունգարիայում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում է հաշմանդամ  կանանց գեղեցկության մրցույթ: Մայիսի  5-ին   կայացել   է  հաշմանդամություն ունեցող   կանանց` «Միսս    Հայք 2016»   համահայկական   գեղեցկության   մրցույթ: Այն   անց  է   կացվել   Երևանի   Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:  «Միսս համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արփինե Հարությունյանըով  տեղաշարժվում է սայլակով:

Արփինեին  պատահում եմ ամեն օր` Արցախի պետական համալսարան տանող ճանապարհին: Նրան  ճանաչում  եմ, բայց  շփվել սկսեցինք, երբ սկսեցի գրել  հոդվածս: Այս տարի ավարտել է ԱրՊՀ-ի կառավարման, տեղեկատվական համակարգեր բաժինը, որից հետո մագիստրատուրան շարունակում է կառավարում մասնագիտության գծով, սովորում է առաջին կուրսում: Մասնագիտությամբ ծրագրավորող է և  ցանկանում է  հենց այդ  ոլորտում էլ  աշխատել:Արփինեն շատ նպատակներ  ունի և լիահույս է, որ հերթով բոլոր  նպատակներին էլ կհասնի, իսկ իր ամենաթանկ մարդիկ դրանց  ականատեսը կլինեն: Մասնագիտության փոփոխության պատճառով, ըստ ԱրՊՀ-ի կանոնադրության, չի պահպանվում անվճար ուսուցումը, և հիմա  նա պետության աջակցության շնորհիվ, որպես հաշմանդամ, մագիստրատուրան սովորում է անվճար: Ի ՞նչ  երազանքներ ունի Արփինեն, ի՞նչ կցանկանար  փոխել  աշխարհում  հարցերին Արփինեն  պատասխանեց. «Երազել  սիրում եմ, բայց  ճիշտ  է  երազանք  ունենալը, ես  կասեմ`  ո ՛չ, քանզի պետք է  ունենալ  նպատակներ ու կանգ  չառնել դրանց  հասնելու  ճանապարհին: Չեմ ցանկանում ինչ- որ գլոբալ երևույթներից խոսել, ապրում ենք այս աշխարհում ու պիտի սիրենք և միայն լավը տեսնենքկուզեի շատ լինեն ՄԱՐԴ կոչվածները»: Արփինեն տեղաշարժվում է սայլակով այն օրվանից, երբ մահացավ  նրա  հայրը: Հոր մահը ծանր տանելով`  սթրես  է ապրում և  մի առավոտ  արթնանալով`  ոտքերը  չի զգում: Արփինեն բնավորությամբ փակ մարդ է, շատ քչերին է վստահում ու ընդունում որպես իսկական ընկեր, ունի քիչ, բայց անկեղծ ընկերներ: Նրա բնավորության  ամենաբնորոշ գծերն են համառությունն ու նպատակասլացությունը, չհանձվել ոչ մի դեպքում: Իսկ  այն հարցին, թե ի՞նչ  ծրագրեր կցանկանար, որ իրականացներ  մեր պետությունը նրա և, առհասարակ,  սահմանափակ  կարողություն  ունեցող մարդկանց  համար,  Արփինեն պատասխանեցԿցանկանայի ուշադրություն դարձնեին սահմանափակ կարողություններով անձանց ազատ տեղաշարժման խնդրին»:

Մեր երկրում Արփինեն  և իր բախտակիցները պետության ուշադրության կենտրոնում են: Ի դեմս ԼՂՀ  աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  նախարարության`  նրանք ունեն  իրենց խնդիրներով զբաղվող իրավասու մարմին: Հետաքրքրվածությունս  Արփինեի ճակատագրով ինձ տարավ պատկան մարմին`հաշմանդամների  սոցիալական պաշտպանության  բաժնի  պետ  Սամվել  Իսրայելյանի մոտ: Թվերը, որ վերջինս հրապարակեց, այսպիսինն են.

«2016 թվականի  սեպտեմբերի  1-ի  դրությամբ  հանրապետությունում  հաշվառված  է 8427  հաշմանդամ, այդ  թվում  375-ը՝  մինչև  18  տարեկան  հաշմանդամ  երեխաներ»:

Ինչպես է պետությունն աջակցում այդ մարդկանց , պարզվում է՝ ծրագրերն էլ քիչ չեն. 1-ին, 2-րդ  խմբերի  հաշմանդամները դեղորայք  ձեռք  են  բերում  անվճար, իսկ 3-րդ խմբի  հաշմանդամները՝  50 տոկոս զեղչով:   2016  թվականին  պետական  բյուջեի  միջոցների  հաշվին  կազմակերպվել  են  անկողնային հիվանդների  տնային  այցեր, հեմոդիալիզի  անցկացում, տրամադրվել  է  վերականգնողական, ստոմատոլոգիականկենտրոնական   նյարդային  համակարգի  ծանր  ախտահարումով  հիվանդների   ամբուլատոր  բուժօգնություն:

Սահմանափակ կարողություններ  ունեցող մարդկանց համար ծրագրեր է   իրականացնում  նաև  ԼՂՀ առողջապահության համակարգում գործող Քերոլայն  Քոքսի  անվան  վերականգնողական  կենտրոնը: Այստեղ ձևավորված դրական միջավայրը ավելի շուտ հոգեբանական ազդեցություն է ունենում դիմողների, հաշվառվածների վրա: Կենտրոնի այցելուները տարվա ընթացքում եղել են Ծաղկաձորում, մասնակցել  Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված՝ «Ձմեռային անակնկալ» ծրագրին, որի
նպատակն  է   երիտասարդների   շրջանում   մասսայականացնել   լեռնադահուկային սպորտը` աշխատելով ներառական խմբերի հետ
Ծրագրին   մասնակցել են  16-30 տարեկան հաշմանդամ  երիտասարդներ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ վերականգնողական կենտրոնի և խուլերի միության երիտասարդների համար կազմակերպվել է ամենամյա ամառային ճամբար:

Հաշմանդամ  ազատամարտիկների  համար պետական ծրագրով  կազմակերպվել  են  սպորտային  միջոցառումներմասնավորապես՝ սեղանի  թենիսի, շախմատի, բոչայի  բաց  առաջնություններ: Վերջերս  էլ  բոչայի   առաջնությունն է տեղի ունեցել, որում փայլուն հանդես են եկել «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոն»-ի  թիմերը՝ զբաղեցնելով   1-ին և 2-րդ տեղերը:  Նրանց համար պարբերաբար կազմակերպվում  են ճանաչողական այցեր դեպի Արցախի պատմամշակութային վայրեր: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ նաև մեր հանրապետությունից դուրս են  հաշմանդամները հանգստանալու հնարավորություն ունեցել. 20 երիտասարդ ամառային հանգիստն անցկացրել են Սևանա լճի ափին:

Հարկ է նշել նաև «Վիտա» հասարակական կազմակերպության մեծ դերակատարությունը հաշմանդամների զանազան խնդիրների բարձրաձայնման և լուծման գործում:  

Իրականացվել են  աշխատանքներ   հատուկ   կրթության  կարիք  ունեցող  անձանց համար նախատեսված  միջոցառումների  ուղղությամբ:

Զարգացող  երկրներում  աշխատանքային  տարիքի  հաշմանդամություն  ունեցող  անձանց 80-90% –ը գործազուրկ  են, մինչդեռ  զարգացած  երկրներում  այս  ցուցանիշը  կազմում  է  50-70%: «Ձեռք  բերած   մասնագիտությամբ  մասնագիտական  աշխատանքային  փորձ   ձեռք  բերելու  համար  գործազուրկներին  աջակցության  տրամադրում»  ծրագրում  2016թ. ընդգրկվել  են  բժշկական  քոլեջն  ավարտած երկու  հաշմանդամ, որից  մեկը  ծրագրի  ավարտից  հետո  տեղավորվել  է  աշխատանքի  հանրապետական  հիվանդանոցում, իսկ  մյուսը  դեռ  շարունակում  է  օգտվել ծրագրից  և հավանական է, որ  նույնպես կտեղավորվի  աշխատանքի: Համեմատելով տարբեր  պետությունների  հետ`  ԼՂՀ-ում քիչ  են  աշխատանքով  ապահովված հաշմանդամների թիվը:

2016 թվականի  հունվարի  1-ից Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում  բնակվող  330 սոցիալապես  անապահով  հաշմանդամների  ընտանիքներին  հատկացվել  է  20 մլն 820 հազար  ՀՀ դրամի չափով դրամական  օգնություն:

Այսքանը պետական ծրագրերի մասին

Թվում է՝ քիչ չէ արվածը, բայց արդյոք բավարար է, որպեսզի նրանք՝այդ անկոտրում կամքով, ապագայի հանդեպ հավատով  լցված ու  կենսախինդ  մարդիկ, իրենց հասարակության լիիրավ անդամ զգան: Գուցե, այստեղ անելիք ունի ոչ միայն պետությունը, գուցե ամսական վճարվող նպաստից առավել շատ նրանք կարիք ունեն բարի խոսքի, ջերմ վերաբերմունքի, անկեղծ ժպիտի: Որքան ուժեղ պետք է լինի մարդ, որ կարողանա չչարանալ աշխարհի դեմ, շարունակի երջանկություն որոնել վրա հասած դժբախտությունից հետո, ապրի արժանապատիվ ու բոլորին ապացուցի, որ ֆիզիկական սահմանափակումը դեռ վերջը չէ: Արփինեն հենց այդ մարդկանցից  մեկն է, ով  ունի  երազանքներ, նպատակներ և իր  համառության  ու  նպատակասլացության  շնորհիվ  կհասնի  հաջողությունների:  

     Հերմինե Հովհաննիսյան

Հ. լեզու և գրականություն 4-րդ կուրս

Обновлено 24.11.2016 05:43