Արցախի պետական համալսարան

 

 

gyumri   Gyumri1

Ասում են` ուսանողական տարիները մարդու լավագույն տարիներն են, որ ուսանողական տարիների քաղցրությունն ուրիշ է: Վերջերս հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում:  «Մեթոդական աջակցություն ԼՂՀ  ՀԿ-ներին և երիտասարդներին»  ծրագրի շրջանակում Արցախի տարբեր բուհերից ուսանողներ մեկնեցին 2016 թվականին  ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրի:

Ծրագրի նպատակն էր մեթոդական, ուսուցողական, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության երիտասարդական քաղաքականության ոլորտի աշխատակիցներին, ԼՂՀ-ում գործող երիտասարդական ՀԿ-ներին, ուսանողական խորհուրդների անդամներին, երիտասարդներին, խթանել նրանց գործունեությունը, զարգացնել կարողություններն ու հմտությունները:

       Ծրագիրն իրականացվեց նոյեմբերի 21-ից 23-ը: Շուրջ 30 մասնակիցների համար կազմակերպվել էին սեմինարներ, մշակութային էքսկուրսիաներ, հանդիպումներ Գյումրիում գործող բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային կապերի հաստատման եւ հետագա համագործակցության խթանման նպատակով: 
     Սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ-ի երիտասարդական պետական քաղաքականությունը, ոլորտում գործող իրավական ակտերը,  միջպետական, միջազգային, երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը:    Անդրադարձ է կատարվել նաեւ դրամաշնորհային ծրագիր գրելու հմտություններին: Մեզ հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, անդրադառնալով Արցախի երիտասարդությանն առնչվող խնդիրներին, որոնց փորձում են լուծում տալ ծրագրի միջոցով, առանձնացրեց Արցախի երիտասարդների ինտեգրումը համատեղ ծրագրերին . «Արցախի երիտասարդներին Հայաստանի երիտասարդների հետ փորձում ենք ինտեգրել համատեղ ծրագրերի`  միջոցառումների միջոցով»: Սեմինարի ընթացքում մեզ  ներկայացրեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, միջոցառումները, եւ նախանշվեցին այն ճանապարհները, որոնց միջոցով մենք առավել արդյունավետ եւ օգտակար ձևով կարող ենք մասնակցել այդ  ծրագրերին: Պատահական չէր նաեւ վերջին օրը նախատեսված հանդիպումը Գյումրու ակտիվ երիտասարդների, ուսանողական խորհուրդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միայն այդ հանդիպման ընթացքում երիտասարդները քննարկեցին 4-5 ծրագրեր, որոնք պատրաստվում են իրագործել համատեղ ջանքերով:  Ծրագիրն արդյունավետ էր ուսանողության համար, որտեղ հնարավորություն էր ընձեռվել հաճելին համատեղելու օգտակարի հետ:

Արմենուհի Բալայան

Ռուսաց լեզու և գրակ. 2-րդ կուրս