Արցախի պետական համալսարան

shushi

ԱրՊՀ-ի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)», «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիներս մեր կուրսղեկների` Ա. Գասպարյանի և Ա. Աբալյանի հետ օրերս այցելեցինք Շուշիի «Շող» ցերեկային  համայնքահեն կենտրոնի երեխաներին` մեր հոգու ջերմությունից մի շող պարգևելու նրանց: Բոլորս, մեծ առաքելության վեհությամբ ոգևորված, պատրաստակամ և միահամուռ աշխատում էինք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Կարճ ժամանակահատվածում քաղցրավենիք, գրենական պիտույքներ, գրքեր և ԱրՊՀ ռեկտորի կողմից տրամադրված նվերները պատրաստ սպասում էին իրենց տերերին: ԱրՊՀ-ի ավտոբուսներով ճանապարհվեցինք քաղաք Շուշի:

Մենք հնարավորություն ունեցանք այցելել նաև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները: Ներկա գտնվեցինք Արմեն Ենգոյանի «Առաջնագծում» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Այցելեցինք գորգերի, Շուշի քաղաքի պատմության, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական և կերպարվեստի պետական թանգարանները: Ջերմ տպավորությունները շարունակվեցին «Շող» ցերեկային  համայնքահեն կենտրոնում, որտեղ երեխաները մեզ դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Անմիջական ու մտերմիկ մթնոլորտում անկեղծ զրույց և շփում ունեցանք երեխաների հետ: Օրեր անց կենտրոնի տնօրինությունը գնահատեց մեր այցելությունը և մեզ  շնորհակալագիր շնորհեց: Այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ կունենան մեր ֆակուլտետում: Կցանկանայինք, որ շատերը հետևեն մեր օրինակին, որպեսզի ուշադրության պակաս ունեցող երեխաները ուրախանալու  առիթներ հաճախակի ունենան:

Մարիա Միրզախանյան

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 1-ին կուրս