Դեկտեմբերի 5-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս կուրսղեկ Զ. Բալայանի նախաձեռնությամբ ճանաչողական այց կազմակերպեցինք Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Միության նախագահ Վերա Գրիգորյանը ուղեկցեց մեզ և ներկայացրեց անհայտ կորած ազատամարտիկների պատմությունը: Վերա Գրիգորյանի հավաստմամբ` ավելի քան 250 անհայտ կորած հաշվառված է Հայաստանում: «Մեզ Արցախյան պատերազմից բաժին ընկավ ամենադաժան ճակատագիրը` անհայտությունն ու անորոշությունը. ահավոր է, աննկարագրելի, սրտաճմլիկ: Գլուխդ դնում ես բարձին և սկսում ես փնտրել բանտերը, սարերը, չգիտես` ինչ է եղել, ամեն ինչ անորոշ է…»,-մեծ ցավով ասում է Վերա Գրիգորյանը, ով նաև անհայտ կորած հերոսի մայր է, որ միշտ սպասում է իր որդու տունդարձին:
Միությունը ստեղծվել է Վերա Գրիգորյանի եռանդուն ու նվիրական ջանքերով, և ինչպես ինքն է պատմում, բոլոր այդ նկարները անձամբ ինքն է հավաքել տարբեր գյուղերից ու քաղաքներից: Իսկ ամենից շատ, որ մեր ուշադրությունը գրավեց այնտեղ, Վերա Գրիգորյանի միակ որդուն` Սպարտակին նվիրված անկյունն էր, ով նույնպես հաշվառված է այդ ցուցակում: «Սա իմ որդու անկյունն է, նա իմ միակ զավակն է, ով անհայտ կորել է: Նրա հարսանյաց շորերը նվիրել է գեներալ Իվանյանը: Այստեղ են նաև նրա վերջին օրվա հագած շորերը: Որդիս կարուձև էր սովորել, ուներ վկայական»,-սրտի կսկիծով պատմում է նա:
«Այստեղ մեր հիշողության դաշտն է, որ դարերի ընթացքում ուղեկցել է հայ ժողովրդին: Ճակատագրական բոլոր պահերին էլ մենք միշտ ունեցել ենք անհայտության մեջ մնացած հերոսների, նրանք բոլորն էլ անուն առ անուն հիշվում են: Խոնարհում նրանց անհայտության մեջ մնացած հիշատակներին»,-ասաց Զ. Բալայանը մեզ հետ ունեցած զրույցում:
Այսպիսի այցերը կարևորվում են նրանով, որ մենք ծանոթանում ենք մեր երկրի անկախությունը կերտողների անցած ուղուն: Առանց անցյալի չես կարող ներկա կառուցել: Մենք նայում ենք առաջ և ամեն օր քարը քարին դնելով` կառուցում ենք մեր հայրենիքը` նորօրյա Արցախի Հանրապետությունը:
Սոնա Մուսայելյան
Հ. լեզու և գրակ. 1-ին կուրս