Արցախի պետական համալսարան

 

sharadrutyun

Ամառային բարկ արևի ճառագայթները խաղում էին կոպերիս հետ՝ այնքան ջերմ ու կաթոգին, ասես մայրական տաքուկ գիրկ լինեին: Չէի ուզում ոչ մի շարժում անել: Այնքան քաղցր էր պահը, այնքան թովիչ, որ թվում էր՝ աշխարհը լի էր միմիայն սիրով ու բարությամբ…

        Լսվեց մանչուկների անվերջանալի ծափն ու ծիծաղը: Նույն պահին հնչեց մեքենաների խայտաբղետ շչակների ձայնը, որը միախառնվեց դափ ու զուռնայի հետ: -Հարսանիք է,-մտածեցի ես: Խաղաղություն է տիրում իմ չքնաղ լեռնաշխարհում: Հայրենակիցներս վայելում են 25-ամյա հաղթանակի բերկրանքը: Որքա՜ն շոշափելի ու հաճելի է այս ամենը, որքան դյութիչ: Այդպե՞ս էր արդյոք 25 տարի առաջ: Հիշեցի հորս պատմած մի պատմություն ու փորձեցի այն համադրել այս պահի հետ: Ընդամենը մի օրվա պատմություն.

          Բացվեց օգոստոսյան անդորր առավոտը: Բարկ արևը ջերմությամբ պլշեց աշխարհին ու մարդուն: Մի անսպասելի հմայք ու ըմբոշխնում ապրեց այդ առավոտ մարդն ու կենդանին՝ տարված բնության հրաշալիքներով…

            Իմ հույս, իմ արև,

            Իմ կյանքի ակունք

  Իմ տուն, իմ օջախ,

  Իմ սուրբ, դու Արցախ…

Շրշում են շուրթերը Վահագնի և հույս-հավատով նայում սրբավայր դարձած Նահատակին: Աստվածապաշտ չէր, բայց այդ առավոտ զգում էր ինչ-որ անորոշ զգացողություն, որ անմիջապես պարուրել էր նրան՝ ներշնչելով ուժ ու հավատ: Այդ օրը իր համար պիտի դառնար ամենաանմոռաց ու ամենաերանավետ օրերից մեկը, մի նոր հեքիաթ պիտի ծնվեր և հետագայում դառնար իր ընտանիքի երգ-երգոցը… Չիմացավ՝ երբ հավաքվեցին հարսանքավորները: Զարմանալի է՝ իր հարսանիքն էր, սակայն այնքան մտածելիք կար, որ թվում էր, թե երազ է, որ շուտով կբացի աչքերը ու կտեսնի գումարտակի տղաներին՝ խրամատի խոնավ հողին կռթնած, հայացքները թշնամու դիրքերին սևեռած, ու կմեղադրի նրանց իր նիրհելու և մինչև իսկ երազ տեսնելու համար: Բայց՝ ոչ, դա երազ չէր, դա միայն իրականություն էր, և թշնամու համազարկերին դեմ-հանդիման նոր զենքի գործածություն, որ կոչվում էր վրեժ, վրեժ անզգամին՝ հող-հայրենին պղծելու համար: Մեզ հաղթել չի լինի, մեզ արմատախիլ անելն անհնար է, քանզի մեր արմատները խորն են, մեծ ուժ ու հնարամտություն է պետք այն տեղահան անելու համար:

        -Ծլեք, ծաղկեք, զորանաք, մի բարձի ծերանաք, յոթ որդով սեղան նստեք,- հնչում է թամադայի բարեմաղթանք-խրատականը: Մի պահ Վահագնը նայում է կողքին նստած Աստղիկին, հարսանեկան քողն ավելի նազելի էր դարձրել, բայց վախվորած էր հայացքը, երևի չէր հավատում, որ երջանկությունն ու բախտավորությունը կդառնան իրենց ուղեկիցները: Սակայն…. Սեղաններն էին շարունակվում ծանրաբեռնվել, երբ լսվեց ինչ-որ մեկի սրտապատառ ձայնը. <<Ժողովո՛ւրդ, փախե՛ք, թուրքերն են գալիս>>: Սկսվեց թշնամու արկերի տարափը: Գյուղն ալեկոծվեց, լսվում էին իրար կանչող ու փնտրող մարդկանց ձայները, տեղահանվում էր գյուղը՝ մեկը տատին բռնած, մյուսը՝ երեխան գրկած, հաջորդը՝ շալակած, փախչում են անօրենից, փախչում են չմորթվելու, չպղծվելու համար: Մարդն անտարբեր ամեն ինչին առաջ էր գնում, գնում էր ուր աչքը կկտրեր, ուր կկարողանար թաքցնել լույս մանկանը, իսկ արկերը կրկնկակոխ հետևում էին նրանց, փորձում մահ ու արյուն սփռել շուրջբոլորը, բայց լեռներն ու ձորերը իրենց գիրկն էին առնում այդ մահասարսուռ առարկաները՝ վահան դառնալով ամենքին ու ամենին: Քարացել էր մարդը, արցունքի ոչ մի կաթիլ, խղճի ոչ մի զգացողություն, անորոշ ու անտարբեր հայացքներ, ամենն իր խոհի, իր զգացումունքների հետ էր:

Գիշերային անդորր իջավ խոնջացած ապաստարանին: Դեռևս հեռվում լսվում էր խուլ պայթյուն, առկայծում թույլ լուսավորություն: Անորոշությունը ծվատում էր մարդկանց: Գյուղը խլրտուքի մեջ էր… Բացվող լույսը հույս ծնեց մարդկանց հոգում, մանավանդ, երբ հեռվում նշմարվեցին դիրքերից վերադարձող տղաները: Հոգնություն կար նրանց քայլվածքում, սակայն աչքներից առկայծող փայլը վկայում էր հաղթանակի մասին: Վահագն էր առջևից քայլողը՝ հարսանեկան կոստյումը փոխարինած զինվորական հագուստով, ինքնաձիգն էլ կողքից կախված: <<Ուրեմն ապրեցինք, էլ մահ չունենք, թշնամին ի զօրու չէ կտրել մեր կյանքի թելը>>: Աստղիկին թևեր են պետք, իսկ այդ թևերը ինքը պիտի պարգևեր, հենց ինքն էր Աստղիկի թևերը: Մի հարս էլ եկավ, մի օջախ էլ ստեղծվեց, գյուղում մի մանկան ճիչ էլ կլսվի: Դե գնա մռնչա՛, վիրավո՛ր գազան:

Հարսանիք էր, բա ինչ էր, թիկունք-թիկունքի կրակում էին ու առաջանում թշնամու դիրքերը… Դե՝ արի պարենք, շուն-շանորդի, տեսնենք՝ ով կհաղթի, այդ ո՞ր օրվա պարողն ես:

      Հեքիաթը հյուսվեց, Վահագնի մի օրվա հեքիաթը, որ կպատմի իր բալիկներին ու վերջում կավելացնի. <<Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը՝ պատմողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ նրանց, որ չհասցրին լսել այս իրական հեքիաթ-պատմությունը>>:

          Թող այլևս պատերազմ չլինի. թող որ մանչուկները անխռով երգեն հայոց այբ-ն ու գիմ-ը, հարսն ու փեսան վայելեն իրենց երջանկությունը, մշակն անխռով հերկի հողը, իսկ արևն էլ ջինջ երկնքից միշտ ժպտա ու փայլի:

ՀԵՂԻՆԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.լեզու և գրակ.4-րդ կուրս