ԱրՊՀ-ում շարունակվում են ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները: Հերթականը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի կողմից կազմակերպված օլիմպիադան էր ինֆորմատիկայից:
Ներբուհական օլիմպիադայի առաջին փուլին մասնակցում են ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մաթեմատիկա, համակարգչային գիտություններ բաժինների երեք տասնյակից ավելի ուսանողներ:
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վ. Առստամյանի խոսքով, օլիմպիադան նախատեսվում է կազմակերպել երկու փուլով: Երկրորդ փուլ կանցնեն առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած 15 ուսանող: Նույն ուսանողներից ձևավորված թիմը համալսարանը կներկայացնի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:
«Մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ միայն գիտելիքներով զինված և տնտեսության ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ թողարկել, այլ նաև օգտագործել ուսանողների ներուժը՝ պահպանելու մայր բուհի առաջատար դիրքերն ու համբավը»,- նշել է Վ. Առստամյանը:
Անհատական առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել համապատասխանաբար Լիանա Մեսրոպյանը (ԻԿՄ, 2-րդ կուրս, 98 միավոր), Նաստասյա Ավետիսյանը (ԿՏՀ, 3-րդ կուրս, 94 միավոր), Արմինե Հայրապետյանը (ԻԿՄ, 4-րդ կուրս, 94 միավոր), ովքեր խրախուսվել են պատվոգրերով և ռեկտոր Մ. Մինասյանի կողմից սահմանված նվերներով: Օլիմպիադային ակտիվ մասնակցություն ցուցաբերած և բարձր միավորներ վաստակած ևս հինգ ուսանող խրախուսվել է շնորհակալագրերով: