ԱրՊՀ ԹԻՄԸ՝ ԴԱՏԱԽԱՂԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

20.12

2016

15350592 836773926473560 3531766567969743097 n  15403783 838254549658831 1203790104240985197 o

15443297 838254516325501 281496243267777572 o  15585419 838254479658838 2465707853570857316 o

ԱրՊՀ իրավագիտության բաժնի թիմը`«Ուժ և արդարություն», դեկտեմբերի 8-10-ը Աղվերանում տեղի ունեցած միջբուհական դատախաղում արժանացել է հատուկ մրցանակի:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի (ֆակուլտետի դեկան, ակ. Գագիկ Ղազինյան) և Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ)  համագործակցության շրջանակում կազմակերպված դատախաղին մասնակցում էին Արցախի պետական, Երևանի պետական, ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը:

Դատախաղի ժյուրիի անդամներն էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ ԱվետիսյանըՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ դատախազության վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, քրեական գործերով փաստաբան Հայկ Ալումյանը, ինչպես նաև գերմանացի փորձագետներ` Քյոլնի վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր և վերաքննիչ դատարանի 15-րդ քրեական մեծ պալատի նախագահ դոկտոր Յան Օրթը և Բրեմենի Փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը, իրավաբանական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանի խոսքով` հրավերին հաջորդել է գրավոր փուլը, որը հաղթահարելուց հետո միայն թիմը դատախաղին մասնակցելու հնարավորություն է ստացել. «Գրավոր փուլը ծառայեց որպես անցումային փուլ: Հայտագրված 10 թիմերից այն հաղթահարել են 6-ը, որոնք պայքարել են բանավոր փուլում»:

Մրցող թիմերից յուրաքանչյուրը դատախաղում ներկայացել էր երկու դիրքորոշմամբ՝ մեղադրող և պաշտպանող կողմ (մրցակիցներն ընտրվել են վիճակահանությամբ), որից հետո առավելագույն միավորներ հավաքած թիմերն անցել են եզրափակիչ:

ԱրՊՀ թիմը պարգևատրվել է պաշտպանական լավագույն դիրքորոշման համար: Բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացել են հավաստագրեր:

Ռ. Առուստամյանի հավաստմամբ` ԱրՊՀ թիմի հաղթանակում ծանրակշիռ ներդրում ունի ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԼՂՀ դատախազության ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ով թիմի մարզիչն էր. «Գ. Ներսիսյանը լավագույնս էր նախապատրաստել ուսանողներին: Նրա ջանքերի շնորհիվ է, որ ուսանողները լավագույն արդյունքներ են գրանցել անհատական և թիմային աշխատանքում՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատանքին»:

ԱրՊՀ թիմը ներկայացնող չորս մասնակիցները տպավորված են ոչ միայն դատախաղից, այլև կազմակերպչական մակարդակից: Նրանց խոսքով` կազմակերպիչները չէին ակնկալում նման արդյունք, սակայն իրենք ապացուցեցին, որ Արցախում ևս կարող ուժեր կան:

«Մեզ համար հաղթանակը ոչ այնքան պաշտոնական տվյալներն էր, որքան ժյուրիի, հատկապես գերմանացի անդամների արձագանքն ու համակրանքը: Մենք կարողացանք համոզել նրանց, որ Արցախի մայր բուհի ուսանողությունը ոչնչով չի զիջում հայաստանյան առաջատար բուհերի ուսանողությանը: Դատախաղը ազդակ էր չթերագնահատելու մեր կարողություններն ու հավատալու մեր ուժերին»,- նշել են մասնակից ուսանողները: