Փետրվարի 27-ին ԱրՊՀ-ում ավարտվել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված գիդերի (էքսկուրսավարների) պատրաստման դասընթացների առաջին՝ յոթօրյա փուլը: Դասընթացները իրականացվում են 3 փուլերով, որոնցից առաջին և երկրորդ փուլերում ուսանողները ստանալու են տեսական գիտելիքներ, իսկ վերջին՝ երրորդ փուլում, ուսանողները իրենց ստացած գիտելիքները կամրապնդեն պրակտիկայում:Ամբողջ 3 փուլերի ավարտից հետո ծրագրի մասնակիցները հանձնելու են հազար հարցից բաղկացած քննություն, ապա գրելու են դիպլոմային աշխատանք, որն իրենից ներկայացնելու է երթուղի և ստանալու են համապատասխան սերտիֆիկատներ: Դասընթացները վարում է Երևանից ժամանած մասնագիտությամբ իրավաբան, պատմաբան, “Planet travel” տուրիստական ընկերության հիմնադիր ու տնօրեն Արմեն Երանոսյանը:
«Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպում է նման դասընթացներ` անհրաժեշտությունից ելնելով, այսինքն` որոշվում է, թե ինչի կարիք կա Արցախում, երիտասարդներն ինչի պակաս ունեն, և ըստ այդմ` կազմակերպվում են դասընթացները: Հաջորդ անգամ երևի կկազմակերպվեն լրագրության դասընթացներ»,-հայտնում է Արցախի մշակույթի և երիտասարդության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանը:
«Այս գաղափարը վաղուց էր: Իմ կազմակերպությունն արդեն տասը տարի Երևանում անցկացնում է գիդերի պատրաստման, վերապատրաստման անվճար ուսուցում, բայց Արցախում առաջին անգամ է: Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեզ նամակով դիմել է՝ Արցախում գիդեր( էքսկուրսավարներ) պատրաստելու համար, և մենք չմերժեցինք: Արցախն իդեալական է զբոսաշրջության համար, այն ավելի ներկայանալի է, քան Հայաստանի Հանրապետությունը: Քաղաքական ենթատեքստում Արցախն այսօր միջազգային հարթակում պետք է ավելի ճանաչելի լինի և որպես մշակութային, որպես բնական հարստություն ունեցող երկիր` աշխարհի տասը հաճախելի վայրերից մեկն է»,-ներկայացնում է Արմեն Երանոսյանը:
«Ուրախ եմ, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդես եկավ նման ծրագրով: Դասընթացները շատ հետաքրքիր են ընթանում: Այս 7 օրերի ընթացքում մենք հասցրինք էլ ավելի սիրել մեր հայրենիքը, մեր ազգը, չէ որ մենք հինգ հազար տարուց ավելի պատմություն ունենք, և մենք աշխարհում եղել ենք դեռ այն ժամանակ, երբ գրեթե ոչ ոք չկար»,-նշում է Մարինե Հակոբյանը:
Վերջին 2 օրերը կազմակերպվել են շրջայցեր դեպի Ստեփանակերտ-Շուշի և Ստեփանակերտ-Գանձասար, որտեղ Արմեն Երանոսյանը ներկայացրել է տեղանքի բոլոր կարևոր կառույցները և դրա հետ մեկտեղ նաև ցույց տվել, թե ինչպես պետք է վարել զբոսավարությունը:
Իրինա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լրագր. 3-րդ կուրս