ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

13.03

2017

IMG 9483  IMG 9489

IMG 9536   4

Մարտի 13-ին Արցախի պետական համալսարան էր այցելել  Նյու Յորքի Մանհեթենվիլ քոլեջի պատվիրակությունը, որի կազմում էին Մանհեթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շըվոն Նեշ-Մարշալը, իրավաբան Ռիտա Մահդեսյանը և Մանհեթենվիլ քոլեջի ուսանողուհի Էբբի Պարենտաուն:

 ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը,  ողջունելով ներկաներին,  շնորհակալություն  է հայտնել պատվիրակությանը` ԱրՊՀ  այցելելու և հայանպաստ ծրագրեր իրականացնելու  համար:

Փիլիսոփայության պրոֆեսոր  Շըվոն Նեշ-Մարշալը, ով երկրորդ անգամ է արդեն Արցախում և հայոց ցեղասպանության մասին գիրք ունի գրած,  հանդես է եկել դասախոսությամբ` հայոց ցեղասպանության թեմայով:

«Հայոց ցեղասպանության հերքումը նշանակում է շարունակել ցեղասպանությունը: Մենք չենք կարող ուժեղ լինել` առանց ճշմարտության: Մենք միասին պետք է պայքարենք  հանուն ճշմարտության: Ցեղասպանությունը 1915 թ.  չի ավարտվել: Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ժխտում է հայոց ցեղասպանությունը»,-նշել է բանախոսը և հավելել, որ հայոց ցեղասպանությունը խոր ազդեցություն ունեցավ նաև ամբողջ աշխարհի վրա` այդ համատեքստում ընդգծելով Ադոլֆ Հիտլերի` «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները» արտահայտությունը, երբ ծրագրում էր զավթել Լեհաստանը:

Ինչու՞ կատարվեց ցեղասպանությունը: Այս հարցի շուրջ բանախոսն առանձնացնում  է  մի քանի առանցքային դրույթ. նախ` հայերի գոյությունը սպառնալիք էր դարձել Թուրքիայի համար: 1915 թ. Օսմանյան կայսրության տնտեսության 80 տոկոսը կենտրոնացած էր հայերի ձեռքում: 1918 թ. արդեն պատկերը փոխված էր, և մեծամասնությունը  թուրքերին էր պատկանում: Հայկական հազարավոր եկեղեցիներից  ու դպրոցներից  այսօր ընդամենը երկուսն են կանգուն: Ցեղասպանության ծրագրի մի մասն էլ մշակութային ցեղասպանությունն էր: Այդ կերպ Թուրքիան փորձում է վերացնել հայկական հետքերը, որպեսզի աշխարհին ապացուցի, թե իբր այդ տարածքները թուրքական են:

«Մենք չպետք է նայենք միայն Քրիստոսի մահվանը, այլև` հարությանը, որովհետև չափից մեծ ցավը թուլացնում է մարդուն: Մենք միևնույն նավի ուղևորներն ենք: Հայերի տառապանքը նաև իմն է»,-ասել է  Շըվոն Նեշ-Մարշալը և հավելել, որ Նյու Յորքում համալսարանական քննարկումներում հաճախ  է անդրադառնում  հայերի ցեղասպանության թեմային, և  այդ գործընթացը շարունակական է լինելու: