ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 120-ԱՄՅԱԿԻՆ

14.03

2017

 

IMG 9555   IMG 9646

IMG 9643   IMG 9593

Մարտի 13-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը: Այսօր ԱրՊՀ-ում  բանասիրական ֆակուլտետի հայ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի  ունեցավ ցերեկույթ` նվիրված հանաճարեղ բանաստեղծի հոբելյանին:

 

Բացման խոսքում ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Շուշան Ասկարյանն արժևորել է պոետի գրական գործունեությունը և ընդգծել Չարենց մեծության անուրանալի ներդրումը նորագույն շրջանի հայ գրականության ստեղծման ու զարգացման գործում:

«Յուրացնելով հայ միջնադարյան պոեզիայի ավանդույթները` նա շարունակեց 20-րդ դարի սկզբի հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և առանձնապես Վահան Տերյանի նվաճումները և նրանց մոտ դարձավ նոր հայտնություն»,-նշել է Շ. Ասկարյանը:

«Ազգային ճակատագիրը Եղիշե Չարենցի պոեզիայում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել բ.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը:

«Ուսումնասիրելով մեծ բանաստեղծի գրական ամբողջ ժառանգությունը` կրկին ու կրկին համոզվում ես, որ նա իր հզոր տաղանդի ուժով,  թարմ ու անզուգական պատկերներով ներկայացրել է իր ապրած ժամանակի ոգին ու դիմագիծը, մարդկային կյանքի փիլիսոփայությունն ու  խորհուրդը և առանձնապես հայրենիքի ճակատագիրը»,-ընդգծել է նա իր խոսքում:

Բ. գ. թ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Անահիտ Աթայանն իր խոսքում անդրադարձել է Եղիշե Չարենցի մանկավարժական գործունեությանը` շոշափելով նաև մանկական գրականության տեսության մեջ բերած նրա նորույթները:

«Ե. Չարենցն իր ստեղծագործությամբ բացառիկ երևույթ է նորագույն շրջանի հայ գրականության մեջ: Նա, ասես, տիեզերքից էր տեսնում աշխարհը, երևույթները, մարդկանց, դրա համար կերտեց ստեղծագործություններ, որոնք իրենց խորությամբ, լայնությամբ, ենթաշերտերով ու փիլիսոփայությամբ դարձան հայ գրականության փառավոր արժեքները»,-ասել է բ.գ.թ., դոցենտ Սիրուն Բաղդասարյանը:

Մշակույթի հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ բարձր են գնահատել մեծ պոետին. այս մասին էր բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի ելույթը:

Ցերեկույթը եզրափակվել է ուսանողների ասմունքով ու երաժշտական կատարումներով: 

 

IMG 9580   IMG 9600

IMG 9604   IMG 9610