30 ԲԼՈԳԵՐ 11 ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ

20.03

2017

 

IMG 9915   IMG 9924

IMG 9929   IMG 9943

Մարտի 19-ից 20-ը աշխարհի 11 երկրներից մոտ 30 բլոգերներ Արցախում են՝ մասնակցելու բլոգերների միջազգային ֆորումին: Այս շրջանակում մարտի 20-ին ԱրՊՀ-ում էր չեխ լրագրող, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Պետրուշկա Շուստրովան:

Ներկայացնելով Չեխիայում և ամբողջ աշխարհում հայտնի գործչին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը նկատում է. «Շուստրովան դեռևս վաղ տարիքից ազատամիտ և առաջադեմ գաղափարների համար սովետական իշխանությունների կողմից հետապնդվել և ենթարկվել է հալածանքների: Նա 21 տարեկան էր, երբ Չեխիայի Հանրապետությունը դավաճանության մեղադրանքով նրան բանտարկել է երկու տարի ժամկետով»:

Լրագրողը ներկաների ուշադրությունը հրավիրել է պատասխանատու քաղաքացու կերպարի վրա և այս առումով կարևորել նորագույն պատմության իմացությունը: Նրա խոսքով` կարևոր է ոչ այնքան ընտրած մասնագիտությունը, որքան ճշմարիտ քաղաքացի լինելը:

«Մի բան է անտարբեր լինել քաղաքական անցուդարձերի նկատմամբ և մտահոգությունները սահմանափակել միայն սեփական շահերով, այլ բան է մտահոգ լինել հայրենիքիդ ճակատագրով և բողոքի ձայն բարձրացնել հանուն արդարության: Մարդը պատասխանատու է ոչ միայն նրա համար, ինչ անում է, այլև` ինչ չի անում»,- նշել է Պ. Շուստրովան:

Ուսանողների հարցին, թե արդյո՞ք նրան չի մտահոգում Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում» հայտնվելու վտանգը, Շուստրովան պատասխանել է. «Առաջին անգամը չէ, որ Արցախում եմ: Արցախի մասին փաստավավերագրական ֆիլմ եմ նկարահանել տարիներ առաջ, բայց Ադրբեջանն ինձ չի ընդգրկել «սև ցուցակում», և ես գիտեմ, թե ինչու: Բացի այդ` դա ինձ չի մտահոգում»:

Ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Օհանջանյանին նախաձեռնության, իսկ Պ. Շուստրովային հանդիպման համար՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում մատչելի լեզվով հնչած խորիմաստ մտքերը երկար են խորհելու տեղիք տալու: