Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 10-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամբիոնի դասախոս,  բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի  «Արցախը 19-րդ դարի հայ գրականության մեջ» գրքի շնորհանդեսը: Գիրքը գիտական աշխատություն է, որը հեղինակի տասնամյակների տքնաջան աշխատանքի արդյունքն է: «Արցախը 19-րդ դարի հայ գրականության մեջ» ուսումնասիրությունը Արցախի թեման ներկայացնող եզակի և համապարփակ գրականագիտական անդրադարձ  է հայ գրականության համապատկերին, որի  վերլուծական առանցքներում ընդգրկված և համակողմանիորեն քննված, վերարժևորված են Արցախին վերաբերող ազգային բարձր որակ հատկանշող կոթողային չխամրող արժեքներ:
ԱՀ Սահմանադրության օրվա նախօրեին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի  իրավունքի ամբիոնը, ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ  Ռիտա Առուստամյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի հ. 3 հիմնական դպրոցում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Սահմանադրության օրվան: Միջոցառումը, որն արդեն ավանդույթ է դարձել իրավունքի ամբիոնի համար, այս անգամ անց է կացվել «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ, ովքեր թեմային վերաբերող զեկույցներով հանդես են եկել դպրոցի աշակերտների համար:
Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 6-ից ԱրՊՀ բակալավրիատի առկա համակարգում ուսուցումը կվերսկսվի ավանդական եղանակով, իսկ մագիստրատուրայում՝ համադրելով առկա և հեռավար եղանակը: Հորդորում ենք հետևել համավարակի տարածումը կանխարգելող սահմանված բոլոր կանոններին` համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության 2021 թվականի նոյեմբերի «24»-ի N 271-Ն հրամանի հավելված 17-ի:  
       Հարգարժա՛ն պարոն Թոփչյան Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր մասնագիտական կարողությունների և մարդկային որակների շնորհիվ Դուք կարողանում եք  պատվով իրականացնել Ձեր առաքելությունը  բարդ ու պատասխանատու բնագավառում: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններում  օրենսդրությանը համապատասխան կրթության որակի ապահովման մշակույթ ստեղծելու, մասնագիտական կրթական համակարգում որակի շարունակական բարելավում ապահովելու գործում: Արցախի պետական համալսարանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման  ողջ ընթացքում՝ ինքնավերլուծություն, փորձագիտական քննություն և որոշման կայացում, մշտապես գտնվելով ՈԱԱԿ հետ փոխգործակցային դաշտում, նկատելի առաջընթաց է գրանցել կրթության և ինստիտուցիոնալ կարողությունների որակի  բարելավման և զարգացման ուղղությամբ այս տարիների ընթացքում՝ շնորհիվ ՈԱԱԿ ցուցաբերած արդյունավետ ու մասնագիտական բարձր աշխատանքի: Օգտվելով պատեհ առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ՈԱԱԿ ողջ կազմին՝ Ձեր գլխավորությամբ՝  որդեգրած արժեքներին հավատարիմ գործելու համար: Հանրության վստահությունը, նորարարության խթանումը, հավասար հնարավորությունների ու  հաշվետվողականության ապահովումը  և փոխգործակցությունը Ձեր որդեգրած այն գերակա արժեքներն են, որոնց շնորհիվ ՈԱԱԿ-ն կարողանում է արդյունավետություն ապահովել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման և շարունակական բարելավման գործում: Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, մաղթում անսպառ եռանդ, առողջություն և բեղուն գործունեություն՝ ի նպաստ ՀՀ և ԱՀ կրթական համակարգի զարգացման:       ԱրՊՀ ռեկտոր՝  Արմեն Յուրիի Սարգսյան
Նոյեմբերի 20-ից 21-ը Հայ-Ռուսական համալսարանում ՌԴ Լուսավորության նախարարության աջակցությամբ  կայացել է «Բառի արվեստը: Ռուսական մշակույթի կարևոր ասպեկտները» թեմայով համաժողովը և  «Լեզու և ժամանակ: Մասնագիտական զարգացման ուղիներ»  խորագրով վերապատրաստման դասընթացը, որին մասնակցություն են ունեցել ներկայացուցիչներ 23 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոնղոլիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Սերբիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Հարավային Օսեթիայից,Ուկրաինայից, Չեխիայից, Էստոնիայից: Միջոցառումներին  մասնակցություն են ունեցել նաև ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ և ֆակուլտետի ուսանողներ: Առկա և հեռավար եղանակով կայացած միջոցառումների ծրագրում ընդգրկված են եղել կլոր սեղան-քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր:
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը: Յուրաքանչյուր տարի, ըստ կանոնակարգի, մրցույթը անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված  թեկնածուների  ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական  ակտիվությունը։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ և «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ  կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ուսանողները ներկայացրել են ամբիոնի դասախոս Արևիկ Ալեքսանյանի ղեկավարությամբ կատարած իրենց ուսումնասիրությունները՝ «ՀՀ և ԱՀ ֆինանսական շուկաների կառուցվածքը» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» դասընթացի շրջանակում:
ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նոյեմբերի 25-ին անց է կացրել խորհրդակցություն համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ: Խորհրդակցության նպատակն էր քննարկել և մշակել կանոնակարգ, որով հստակ կսահմանվեն դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ստորաբաժանումների աշխատողների կատարած աշխատանքի գնահատման չափանիշները, մեխանիզմները, և ըստ այդմ էլ՝ լավագույն աշխատողները տարվա վերջում կխրախուսվեն հավելավճարով:
Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակից, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բաղդասարյանը այսօր՝ նոյեմբերի 20-ին, Zoom հարթակի միջոցով հանդես է եկել «Առողջության բաղադրիչները և արտաքին միջավայրի ազդեցությունը» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցել են 80-ից ավելի ուսանողներ, դասախոսներ և հոգեբաններ Արցախից:    
Նոյեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը առցանց հանդիպում է ունեցել Հայագիտական Ուսմանց Ընկերության անդամների հետ և հանդես եկել «Արցախի պետական համալսարան․ անցյալը, ներկան և ապագան» թեմայով բանախոսությամբ։