Արցախի պետական համալսարան
Արցախյան երրորդ պատերազմ. որքան շատ կորցրեցինք...կորցրեցինք անդարձ, սակայն հոգու ամենախորքում` ամենատաքուկ անկյունում չկորավ սպասումի հույսը։ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին իմ հայրենի Ավետարանոցն անցավ թշնամու տիրապետության տակ։ Անվերջ կարելի է խոսել ու պատմել իմ գյուղի մասին։ Ավետարանոցս Արցախի հնագույն բնակավայրերից է, հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է դարերի խորքից։ Ավետարանոց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 53-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից։ Կան նաև բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, որոնք ներառված չեն պետության կողմից կազմված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո, երբ Ավետարանոց գյուղը անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, հեռվից ենք նայում գյուղին ու հեռվից փորձում սփոփել մեր չսպիացող վերքը:      Պատերազմից երկու տարի անց նորից խոսում եմ ներկայով,ամեն օր, ամեն ժամ քայլում այն արահետներով, այն նեղլիկ կածաններով,որոնք լիքն են սիրով, ջերմությամբ, հուշերով, նպատակներով ու երազանքներով։ Եվ ես ինչպես առանձնացնեմ մեկին, եթե ամեն գյուղացի ցավ է ապրում իր ստեղծածի ու կորցրածի, իր տան, իր այգու, իր ապրումների համար։ Մի օր կավարտվի այս մղձավանջը, վստահ եմ...Ու մենք նորից կհանդիպենք մեր գյուղում` «Գայանեի վանք»-ում, «Դախշուն»-ի մոտ, դպորցի ճանապարհին, կհանդիպենք նույնքան մեծ հպարտությամբ, որքան մինչ այդ անիծված 2020ը... Նորից կլինենք նույնը ես, դու և բոլորը։ Իլոնա Բաղդասարյան, լրագրություն 4-րդ կուրս
Երբ գա մի օր, ու ես հոգնեմ ամեն ինչից, պետք է հիշեմ, որ ես ուղղակի պարտավոր եմ ապրել։ Ապրել նրանց համար, ովքեր կողքիս են, ովքեր իմ ուժն ու թուլությունն են։ Ես իմ փոքրիկ կյանքում հանդիպել եմ մեծ ցավի ու շատ դժվարությունների, սակայն չեմ կոտրվել ու չեմ դադարել ապրել։ Ոչինչ առաջվանը չէ, բայց ես ունեմ նրան, ով միշտ ինձ հետ է, իմ միակին, ով ձեռքս այնքան ամուր է բռնում, որ աշխարհում ոչնչից չվախենամ, որ ոչ մի վայրկյան չընկճվեմ։   Իսկ ի՞նչ է պետք ապրելու համար. երևի սիրել, ներել, բարի լինել...չգիտեմ, անկեղծ չգիտեմ՝  ինչ է ապրելը, բայց և գիտեմ, որ ես ունեմ ապրելու իմ սկզբունքները, որոնք ընդհանրացնում եմ որպես մեկ ամբողջական բանաձև։ Նախընտրում եմ իմ անձնական ցավն ու երջանկությունը պահել իմ մեջ, սակայն իմ կյանքի իմաստը գաղտնի պահել չեմ կարող։ Իմ կյանքի բանաձևը պայքարն է, սերն է, իմ իդեալն է, նրանք են, ովքեր ինձ գրկում են թե` հոգեպես, թե`  ֆիզիկապես։ Անհասկանալի, անբացատրելի է այն զցացողությունները, որոնք ստիպում են շարունակել այն կյանքը, որն անարդար է վարվել ինձ հետ, որն ինչ-որ չափով կրճատել է իմ ստեղծած, բայց և գոյություն չունեցող բանաձևը։ Իմ ապրելու բանաձևը իմ չմարող հույսն է, ինձ շրջապատող, ինձ գուրգուրող ու ինձ կարեկցող մարդիկ են։ Իմ կյանքի բանաձևը հե`նց իմ կյանքն է, որն ինձ սովորեցնում է լինել ու մնալ այն,ինչ կամ... Իլոնա Բաղդասարյան, լրագրություն 4-րդկուրս
Դժվար չէ հայկական հողի վրա խոսել հերոսությունից, քանզի հերոսը դիրքեր պահողն է, արցունք թափողը, որդի կորցնողն ու նահատակվողը: Դժվար չէ հայկական հողի վրա խոսել ցավից ու տառապանքից, սակայն  դժվար է թշնամիներով շրջապատված մի բուռ հողի վրա հայ մնալը, ինքնություն պահելն ու ազգային գաղափարախոսություն ունենալը: Իսկ մենք լավ գիտենք պայքարել:    Միանշանակ  մտածելու տեղիք է  տալիս՝  ինչու է մարդը ցավի մեջ շարունակում լավը տեսնել, ապրել ու արարել, ստեղծել ու կորցնել, չհուսալքվել, չկոտրվել  ու չհեռանալ: Պարզ ու միաժամանակ բարդ է այս ամենի միակ բանաձևը՝  ճշմարիտ է չհանձնվելու գաղափարը: Իսկ որտեղից մեզ այդ գաղափարը, որտեղից այդքան համբերություն, ուժ և լավատեսություն, ով է մեզ օգնում, ով է մեր կողքին, ով է մեզ հասկանում, անքուն գիշերները մեզ հետ հավասար մի կերպ լուսացնում, ով է մեզ ճանաչելով ծանր պահերին ճշմարիտ ելքեր փնտրում: Դե, իհարկե, ինքներս մենք: Մեր հոգու խորքում թաքնված անաչառ, անկոտրում,  ազնիվ ես-ը միշտ մեզ հետ է, գիտակից է բոլոր դեպքերում: Հերոս է նա, ով չի հանձնվում իր ես-ի մյուս տեսակին ու չի նմանվում չարին, շահամոլին, երկերեսանուն, ինքնահավանին:Հեշտ է ընկալել, որ անփոփոխ է մարդու էությունը, մնայուն է անժանապատվությունը, անդավաճան` իրար հակասող ես-ն  ու եսասիրությունը:Եվ իրապես, հերոս ասվածն առաջին հերթին ծնվում է մեզանից: Մեծ հերոսություն է   բացի իր անձից, ուրիշին տեսնելը, այն հերոս ասվածի  մեղմ բնութագիրն է: Մերօրյա հերոս է նաև մերձավորին սիրողը, լավություն անողն ու բարին կամեցողը, օրինակ ծառայողը: Սիրենք կյանքն իր բոլոր երանգներով, չէ՞  որ այն գիտակցված ապրելն արդեն իսկ հերոսություն է: Մոնիկա Օհանջանյան, լրագրություն 4-րդկուրս
Տարիներ առաջ, երբ դիտում էի առաջին դասարանիս ավարտական հանդեսի տեսագրությունը, չէի էլ կարող պատկերացնել, որ ժպիտի փոխարեն այսօր դեմքիս արցունքներ կլինեն։ Դասարանիս ամենափոքրամարմին տղան՝ Արտակը, ում հենց բաժին էր հասել այդ օրվա միակ հայրենասիրական բանաստեղծությունը, այսօր իմ հերոսն է։ Եվ մի՞թե սա ճակատագիր չէ։ Նա, ով մանուկ օրերին թշնամուն սպառնում էր խաղալիք զենքերով, նա ում 12 տարի շարունակ բաժին էր ընկնում թշնամուն սպանելու,  հայրենասեր լինելու ու հերոս դառնալու տողեր, երեկ  վերցրել է իսկական զենքը, կռվել թշնամու դեմ ու հերոս դարձել բոլորիս համար։
«Ամեն բան հարաբերական է տիեզերքում, բացառությամբ այն սերը, որ ես ունեմ քո նկատմամբ»։ Կուզենայի Հուսիկ Արայի հենց այս տողերով սկսել, որովհետև քո հանդեպ ունեցած իմ սերը սահմաններ չունի։ Ես սիրում եմ քո խիզախ ու չընկրկող տեսակը։ Աշխարհում չկա, չի էլ լինի, որևէ երևույթ, երկիր, մարդ, կամ մեկ այլ բան, որ կարող է տանել այն սոսկալի ցավն ու դավը, որոնք դու ես տեսել. տեսել ես, բայց միշտ էլ վերջին ուժերով, թեկուզ մեծ դժվարությամբ, բռունցքվել ու վերակենդանացել ես՝աշխարհին ապացուցելով, որ՝«Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»։ Դու հերոս ես, Արցա՛խ, դու ի՛մ հերոսն ես։ Փոքրիկ դրախտավայր ես, ում չորս կողմից ամենքը դեպի իրեն է ձգում. չեն էլ հասկանում, որ դու միայն մերն ես, մեր մայրն ես, մեզ ծնող, սնող ու մեծացնողն ես, և իհարկե՝«Դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու», որովհետև եթե չլինես դու, չի լինի մեր սերը, հավատը, կամքը։ Ի՛մ հերոս, թող խաղաղությունը մի՛շտ զորացնի թևերդ։ Անահիտ Այդինյան, «Լրագրություն» 4-րդ կուրս։
Հայրենիք֊-Սրբություն Արցախի համար ծանր ժամանակներ են։ Անորոշ է նույնիսկ հաջորդ վայրկյանը։ Սակայն ... Չնայած առկա անվտանգային, սոցիալական ու այլ խնդիրների, հազարավոր արցախցիներ հողի, արմատների կանչին ականջալուր ու հնազանդ ապրում են իրենց մի բուռ դարձած հայրենիքում։ Գուցե հողը համարվում է անկենդան բնության մասնիկ, բայց ... մեր հողն անկենդան լինել չի կարող։ Այն ջրված է իր պաշտպանության համար անօրինակ սխրանքներ գործած այն անսահման, անշահախնդիր սիրող քաջորդիների արյամբ, քրտինքով ռանչպարի։ Այստեղ անթեղված են մեր նախնիների մասունքները, չիրականացած երազանքները։ Այս հողի վրա են նրանց սուր մտքի նախանձ շարժող կերտվածքները, որ այսօր դարձել են սուրբ նշխար ... շան բերանում։
Կան մտածված, բայց չասված խոսքեր, կան երազանք դարձած ակնթարթներ,կան հուշ-օրեր, որում ապրում ես դու` իմ Հերոս։ Եթե կարողանայի ցավս փոխել հպարտության, արցունքներս ժպիտի, ափսոսանքս` սիրո, գուցե այդ ժամ այլ աչքերով նայեի կյանքին։ Երանի երբեք չլինեն բաժանումներ, չլինեն սպասումներ.երանի ոչինչ կիսատ չմնա, երանի հնար լիներ կորցրածը գտնելու, երանի այսօրս և ամեն օրս սկսվեր ու ավարտվեր Քեզ հետ, երանի այսքան չզգայի կարիքդ։
Արդեն մի քանի տարի է Արցախի պետական համալսարանի կողմից Պատարա գյուղի մերձակայքում կազմակերպվում է ուսանողական միջազգային վրանային ճամբար, որին մասնակցում են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և Սփյուռքի տարբեր բուհերի ուսանողներ: Ճամբարն աչքի է ընկնում իր բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ` գիտաճանաչողական արշավներ, հանդիպումներ տարբեր ոլորտի մասնագետների հետ, հայրենաճանաչողական այցեր: Այս ճամբարի նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները: Մեկ հարկի տակ համախմբելով տարբեր ոլորտի երիտասարդների` այն նպաստում է նոր գիտելիքների ձեռքբերմանը, նոր ծրագրերի նախաձեռնմանը, փորձի փոխանակմանը:
Պատկանյանի Արաքսը, Թումանյանի Դեբետը, Իսահակյանի Արփաչայը, որոնեցին ու գտան «կորած- մոլորված» հարազատին՝ Որոտանին, երբ աշխարհի հետ խոսք բացեց մի նոր բանաստեղծ՝ Համո Սահյանը, ում քնարերգության գլխավոր կերպարը Հայաստանն է, նրա անցյալն ու ներկան, պատմությունն ու գալիքը: Սահյանական աշխարհը աշխարհից անդին է... Ծիծեռնակների հյուսած հիշողության կապոցներում հարազատ Լորի լեռնաշխարհի բնությունը, կենսահորդ քարափները, Որոտանի եզերքը, Գյազբել սարի դարմանող հովը, հայրենական տունը բարոյական արժեքների գանձարան են, առաջին հերթին՝ խղճի, արդար վաստակի, շենության, նաեւ՝ կեցության:
  Երկիրս այսօր նման է մի վիրավոր թռչնակի: Վիրավոր վերքերը  դեռ չսպիացած՝ նորերն ավելացան նրան: Թռչնակս այլևս ուժ չունի թռչելու,կոտրել են թևերը, դարձրել հաշմանդամ, բայց ժամանակավոր:Այսօր մենք ապրում ենք ծանր ժամանակներ, կորսված են հիմա Շուշին, Հադրութը և շատ տարածքներ, որ մեզ համար լոկ հողատարածք չեն միայն, այլև՝ հայրենիք, առանձին-առանձին միացնելով կստացվի իմ սրտի խճանկարը: Պատերազմից  հետո սրտիս խճանկարի պատկերը կիսատ է մնացել, դետալների կեսն այժմ  կորել են,բայց կգտնվեն:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21