Արցախի պետական համալսարան
Այս օրերին շրջափակման պայմաններում Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) կրթական համագործակցություն է հաստատել Այովայի համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև: Երկու համալսարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ կրթական, վերապատրաստման և հետազոտական հետագա համագործակցությունը խթանելու նպատակով:
Ամփոփվեցին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Հայոց պատմություն» առարկայից տեղի ունեցած օլիմպիադայի արդյունքները։ Փետրվարի 23-ին տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել էր հանրապետության 10-12-րդ դասարանների աշակերտների շրջանում, որին աշակերտները ցուցաբերել են մասնակցության բարձր ակտիվություն:
Շարունակվում են մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումները։ Փետրվարի 22-ին ԱրՊՀ Ակ. Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նունե Խաչատրյանի նախաձեռնությամբ «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպել են «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով միջոցառում։
        Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակում կազմակերպված մարդասիրական մի շարք միջոցառումներում ԱրՊՀ ուսանողները իրականացրել են կամավորական աշխատանքներ: Կամավորական աշխատանքներ իրականացրած ԱրՊՀ ուսանողներին այսօր՝ փետրվարի 22-ին, ռեկտոր Արմեն Սարգսյանը խրախուսել է գրքերով և շնորհակալագրերով:
Արցախի պետական համալսարանը փետրվարի 21-ին մասնակցել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնած առցանց միջոցառմանը՝ նվիրված Մայրենիի օրվան։ Միջոցառումը կայացել է ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի, Արցախի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Շիրակի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործընկերությամբ։
Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր։ Օրը նշվեց նաև Արցախի պետական համալսարանում։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով։
Փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ։  
Փետրվարի 20-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ նվիրված ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին։ Տարբեր ֆակուլտետներից ուսանողների մասնակցությամբ բաց դասախոսությունը վարել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։ Պրոռեկտորը, շնորհավորելով ներկաներին շարժման 35-ամյակի առթիվ, խոսել է փետրվարի 20-ի օրվա խորհրդի, շարժման պատմական նախադրյալների, 1988-ի զարթոնքի և հետագա իրադարձությունների մասին։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այսօր օրը նշվեց նաև Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնի ընթերցող» գրքախաղը, որին մասնակից դասախոսներն ու ուսանողները միմյանց նվիրել են գրքեր՝ համառոտ ներկայացնելով նաև նվիրելու համար ընտրված գրքի խորհուրդն ու նշանակությունը։
Ամփոփվեց բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի «Լրագրություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսումնական փորձուսուցումը, որը մեկնարկել էր փետրվարի 6-ից և տևել մինչև փետրվարի 17-ը։